ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Եռակողմ աշխատանքային խմբի անդամները մեկ շաբաթից կհանդիպեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ նախագահը։
«Մենք շատ մանրամասն խոսել ենք տնտեսական բնույթի հարցերի, տնտեսական կապերի զարգացման մասին։ Եվ առաջին հերթին, որպես առաջին քայլ, խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին։ Դա վերաբերում է և՛ երկաթուղուն, և՛ ավտոմոբիլային հաղորդակցությանը», – նշեց Պուտինը։
Նրա խոսքով՝ երեք երկրի փոխվարչապետները երկար ժամանակ աշխատում են այդ ուղղությամբ։ Եվ հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն որոշ արդյունքներ և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք համաձայնեցվել են այսօր։
Պուտինը շնորհակալություն հայտնեց հայ և ադրբեջանցի գործընկներին կառուցողական քննարկման համար։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։