ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Պարենային փաթեթներ կբաժանվեն Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` ՀՄՊ ընթացքում Մոսկվայի մերձակայքում խորհրդային բանակի առաջին հարձակման օրվա 80-ամյակի միջոցառումների շրջանակում։
Տեղեկությունն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը` հավելելով, որ իրենց կենտրոնը ամենից զատ զբաղվում է նաև մարդասիրական ծրագրերի իրականացմամբ։
Մասնավորապես Մոսկվայի կառավարությունը մշտապես նյութական աջակցություն է ցուցաբերում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ գործընթացի ակտիվ մասնակից ենք։ Բացի այդ մենք օգնություն ենք ցուցաբերում բնակչության սոցիալապես խոցելի շերտերին», – ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` «Մոսկվայի տունը» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ օգնություն է տրամադրում Հայաստանի անապահով, կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև Արցախյան պատերազմից հետո Հայաստան տեղափոխված արցախցիներին։
«Դա մշտական գործընթաց է, և մենք նախարարության հետ համատեղ այն շարունակում ենք։ Հատկապես աշխատանքներ են տարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեների հետ։ Առաջիկա ակցիան կլինի հենց հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 5-ին», – ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ դեկտեմբերի 4-ին` հոբելյանական օրվա առիթով նաև համերգ կկայանա։
«Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2007 թվականին։ Այն Մոսկվայի և Երևանի միջև մշակութային և գործարար համագործակցության աջակցման կենտրոն է։