Բանակցությունների ցանկացած ընդմիջում Բաքուն կարող է օգտագործել նոր միջադեպերի համար․ Արեշև

Անդրեյ Արեշև
Սոչիում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Սա Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմից հետո 2–րդ դեմառդեմ խոսակցությունն է լինելու։ Քաղաքագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանում է` ինչ կարող է լինել այս հանդիպման օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին հայտարարությունը: Դա առավելագույնն է, ինչ կարելի է ակնկալել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։ Փորձագետը կարծում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է որոշ ժամանակ ձգձգվել:
Այս առումով Արեշևին մտահոգում է այն, որ ռուսական միջնորդությամբ բանակցություններում ցանկացած նմանատիպ դադար, անկախ նրանից՝ պատճառն օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, կարող է օգտագործվել հերթական ապակայունացման, հերթական սահմանային միջադեպի համար։

«Ադրբեջանը փորձելու է առավելագույնս ամրապնդել նախորդ տարվա իր ռազմական հաջողությունները` օգտվելով ներկայիս հայկական իշխանությունների անգործունակությունից։ Նոր զիջումներ է պարտադրելու, այդ թվում՝ հաղորդակցության հարցերում, անկլավների հարցում և այլն»,-նշեց Արեշևը։

Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսումը խիստ անբարենպաստ սցենար է։ Միևնույն ժամանակ, Արեշևը խոսում է Հայաստանի իշխանությունների՝ իրավիճակը ճիշտ գնահատելու անկարողության մասին։ Ավելին, նա կասկածում է, որ Փաշինյանը երկակի խաղ է վարում։
«Հայաստանի վարչապետը փորձում է սահմանային միջադեպերի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա՝ մե՛րթ նախաձեռնելով պաշտպանության նոր նախարարի ուղերձը Մոսկվային՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ ռազմական օգնություն ցուցաբերելու կոչով, մե՛րթ իր կողմնակիցների շուրթերով կշտամբանքներ հնչեցնելով Մոսկվայի հասցեին։ Ընդ որում, չի բացառվում, որ նման էսկալացիաների հետևում կանգնած են Արևմուտքի քաղաքական շրջանակները»,-կարծում է մեր զրուցակիցը։
Հայ-ադրբեջանական երկու հանդիպումներից առաջ պարզ է ընդամենը այն, որ ոչ մի բան պարզ չէ
Նրա կարծիքով` Ռուսաստանին օգնության համար դիմելու վերաբերյալ` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ պատահական չէր նաև այլ երկրներին դիմելու պատրաստակամության մասին հիշատակումը:

«Խոսքն, ըստ էության, Ռուսաստանին Ադրբեջան-Հայաստան սահմանային վեճերի մեջ ներքաշելու մասին է։ Անկասկած, ռուսական զորքերն իրենց ներկայությամբ կարող են երաշխավորել երկու կովկասյան պետությունների խաղաղ գոյակցությունը։ Բայց դա հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նրանք իրար մեջ կպայմանավորվեն սահմանի մասին»,-ասում է Արեշևը։

Փորձագետը վստահ է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, կփորձի առավելագույնս կանխել նոր սրացումները: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքական դե ֆակտո սուբյեկտության բացակայության պայմաններում, քաղաքագետի կարծիքով, Մոսկվայի համար այդ խնդիրը լուծելն ավելի բարդ է։ Արեշևի տեսանկյունից՝ Ռուսաստանը ստիպված է անմիջականորեն համագործակցել Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի հետ։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ վերջերս կայացած առցանց ասուլիսին` Արեշևը նշեց, որ Փաշինյանը հստակ պատասխան չի տվել քաղաքացիներին հուզող հարցերին` կապված սահմանագծման, բանակցությունների, անկլավների և այլ խնդիրների հետ: Արեշևի գնահատմամբ՝ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններում նորից կարմիր թելով անցնում էին նախկին իշխանությունների հասցեին մեղադրանքներն ու ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա գցելու ձգտումը։
Բրյուսելում կքննարկվի գերիների հարցը, Սոչիում` սահմանների. Փաշինյանը փակագծեր բացեց
Հիշեցնենք, որ հայ հասարակության մի մասը և ընդդիմությունը բացասաբար են վերաբերվում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագժման առաջիկա գործընթացին՝ համարելով, որ դա կնշանակի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության փաստացի ճանաչում ու Արցախի հարցի փակում:
«5165 շարժումը» պահանջում է Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը
Ավելին, ընդդիմությունն իշխանություններին կասկածում է այդ հարցի շուրջ մոտալուտ փաստաթուղթ ստորագրելու հարցում՝ պահանջելով հրապարակել համաձայնագրի տեքստը։ Իշխանություններն իրենց հերթին պատճառ են բերում դիվանագիտական գործընթացների գաղտնիությունը` միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հարցը սահմանազատման հետ ոչ մի կապ չունի։