ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:
Արցախի նախագահը նաև շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նրան մաղթել հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր ստորագրեց, որով Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ։
Նա մարզպետի պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 25-ին կառավարության գրավոր քվեարկության արդյունքում։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Մաթևոսյանը մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: