ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հունաստանի Սալոնիկ քաղաքում ադրբեջանական կազմակերպությունները նոր քարոզչական սադրանք են սկսել, որն արդեն չեզոքացվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նոյեմբերի 26-ին քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում տեղադրվել է Բերձորի (Լաչին) պատկերով գովազդային պաստառ՝ «Լաչին` ադրբեջանական Շուշա տանող ճանապարհը» մակագրությամբ։
Դեսպան Մկրտչյանը հայտնում է, որ Աթենքում Հայաստանի դեսպանությունն անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրանքին։
«Հայաստանի Հանրապետության դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկար քարոզչական սադրանքները»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` օրեր առաջ Սալոնիկում ավտոբուսների վրա «գովազդ» էր հայտնվել, որում Շուշին ներկայացվում էր իբրև ադրբեջանական քաղաք։ Հայկական սփյուռքի տեղական կառույցներն ու Հայաստանի դեսպանատունը միջոցներ էին ձեռնարկել, ինչի արդյունքում իշխանությունները հրահանգել էին հանել հիշյալ «գովազդները» քաղաքային տրանսպորտի վրայից։
Շուշին և Լաչինը արցախյան այլ տարածքների հետ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։