Վարդենիսում Մոնթե Մելքոնյանի ծննդյան առթիվ հուշարձան և պուրակ է բացվել

Արարողությանը ներկա են եղել հուշարձանի նախագծման հեղինակն ու քանդակագործը, հյուրեր և վարդենիսցիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի խաղաղության հրապարակում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։
Ելույթներից հետո Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվել է հոգեհանգստի կարգ։
Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը (25 նոյեմբերի, 2021). Վարդենիս
Արարողությանը ներկա են եղել հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ Արթուր Շահինյանը, մի շարք հյուրեր և վարդենիսցիներ:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։ Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակեպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում:
Մոնթեի ղեկավարությամբ 1993 թվականի գարնանը ազատագրեց Քարվաճառը, որը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 25–ին` Մոնթեի ծննդյան օրը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը (25 նոյեմբերի, 2021). Վարդենիս
1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվում է թշնամու զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվում է:
Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և համանուն պուրակի բացման հանդիսավոր արարողությունը (25 նոյեմբերի, 2021). Վարդենիս
Այժմ ԼՂՀ Մարտունիի շրջկենտրոնը կրում է Արցախի հերոս Մոնթեի անունը` Մոնթեաբերդ, այնտեղ կանգնեցված է նաև նրա հուշարձանը։ Մոնթեի անունով է կոչվել նաև Հայաստանի ՊՆ ռազմական ուսումնարանը: