ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տների փոխարեն նոր թաղամասի կառուցման հետ կապված որոշ խնդիրներ կան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Նա չմանրամասնեց, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, բայց ասաց, որ հարցն արդեն լուծվել է։ Նախորդ շաբաթ օրն իրենք տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ եղել են Սյունիքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։
«Հույս ունենք, որ պայմանագրով նախատեսված ժամկետում` 2022թ–ի առաջին կիսամյակում թաղամասն ամբողջությամբ կավարտենք»,– ասաց Ղուլարյանը։
Հիշեցնենք` Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ավելի քան մեկ տասնյակ տներ հայտնվել էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ ՀՀ իշխանությունները տեղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ էին նախաձեռնել:
Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, ում տունը մնացել է Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Սակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո` երկու օր առաջ, Շուռնուխի տների շինարարությունը կանգ էր առել։
Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել էր, ինչի հետևանքով էլ շինարարները հրաժարվել էին մեկնել Շուռնուխ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկար։