Ռոբերտ Քոչարյանը գրություն է ուղարկել Արմեն Սարգսյանին, բայց արձագանք չի ստացել

ՀՀ երկրորդ նախագահը իմաստ չի տեսնում մասնակցել մի նիստի, որը, նրա կարծիքով, վնասելու է համահայկական կառույցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը: Քոչարյանն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։

«Հաշվի առնելով ԱԺ–ում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը` գրություն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել: Գրություն եմ ուղարկել նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներին՝ նույն առաջարկով»,– գրել է նա։

Ըստ Քոչարյանի` համահայկական հիմնադրամի` նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը:
«Նման միջոցառման մասնակցելու և փաստացիորեն դրան հանցակից դառնալուն արդարացում չկա: Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառույցին և մեր ազգային նպատակների իրագործմանը»,– եզրափակել է Քոչարյանը։
ԱԺ քննիչ հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել կառավարությանն ու «Հայաստան» հիմնադրամին
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը նախատեսված է նոյեմբերի 27-ին։
Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։