Քոչարյանի ու մյուսների գործով վարույթը կկասեցվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի վաղը։
Նշենք, որ դատարանում այսօր շարունակվեց «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։
Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից
Նախորդ դատական նիստում մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու հարցով՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմանը՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի գործի վերաբերյալ։ Քննարկման առարկա էր դարձել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի թարգմանությունը պաշտոնական է, թե ոչ։
Այսօր այդ հարցի քննարկումը կրկին շարունակվեց։ Պաշտպանական կողմը կարծում է, որ կատարված թարգմանությունը պաշտոնական չէ, այնինչ դատախազությունը պնդում է, որ այն ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից և պաշտոնական է։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այն ինչ-որ տեղի է ունեցել այդ օրերին, առաջադրված մեղադրանքի հետ կապ ունի և հաստատված է ՄԻԵԴ-ի վճռով մինչև այս որոշումը։
Վերաքննիչ դատարանում մեկնարկեց «Մարտի 1»-ի գործով դատախազության բողոքի քննությունը
Պաշտպանական կողմի համար, սակայն այս պարզաբանումները բավարար չէին, թեև մեղադրանքի կողմը պնդում էր, որ այդ թարգմանությունը հրապարակված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության կայքում։
Պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչու է նման միջնորդություն ներկայացվել դատարան, որի հիմքում դրվել է «Հայկական ժամանակն» ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճիռը, համաձայն որի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։
Մարտի 1-ի նիստը հետաձգվեց. ընտրություններից հետո պարզ կլինի` ով ինչ կարգավիճակ կունենա
«Դատախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի խախտված իրավունքները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հետ, ինչի հետ փորձ է արվում կապել։ Բացի այդ, ՄԻԵԴ վճռի թարգմանությունը ևս պաշտոնական չէ»,- նշեց պաշտպան Հայկ Ալումյանը։
Դատավարական կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը` նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին։