Պատգամավորը չի բացառում պարտադիր ռեվակցինացիայի իրականացումը Հայաստանում. լսումներ ՍԴ–ում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս. Արխիվային լուսանկար
Արամ Վարդևանյանը կարծում է, որ առողջապահության նախարարը չի կարող որոշումներ ընդունել, որոնք հանգեցնում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների լրացուցիչ ծախսերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը չի բացառում, որ առողջապահության նախարարությունը կարող է պարտադրել քաղաքացիներին ռեվակցինացիա կատարել, եթե Սահմանադրական դատարանը անօրինական չճանաչի աշխատողներին պատվաստվելու կամ պարտադիր ՊՇՌ թեստ հանձնելու մասին նախարարի որոշումը։
Այս մասին նա ասաց Սահմանադրական դատարանում պատվաստումների և թեստավորումների հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցի բանավոր քննության ժամանակ։
Նշենք, որ որոշման համաձայն` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի ՊՇՌ թեստ հանձնել շաբաթը 1 անգամ։
Հայաստանում վերապատվաստվել կարելի է 6 ամիս անց` կամավորության սկզբունքով. նախարար
Դիմող կողմ Արամ Վարդևանյանը, դիմելով բարձր դատարանին, նշեց, որ անձամբ ինքն ու իր ընտանիքը պատվաստվել են ու ամենևին էլ հակապատվաստումային քարոզ չի ցանկանում իրականացնել։ Նա ընդգծեց, որ այդ գործընթացը պետք է գիտակցված լինի յուրաքանչյուր անձի կողմից։
«Այս հրամանը բազմաթիվ բացասական հետևանքներ առաջացրեց պատվաստումային քաղաքականության տեսանկյունից։ Չեմ բացառում, որ կարող է ռեվակցինացիա պարտադրվի, սակայն սա ինչպե՞ս է արվելու` ստիպելո՞վ, վախեցնելո՞վ, կամ այլ մեթոդներո՞վ»,– շեշտեց Վարդևանյանը։
Պատգամավորը նկատեց, որ նախարարը կարող է ընդունել հրամաններ, սակայն դրանցով չի կարող օրենքները փոխարինել։ Վարդևանյանը շեշտեց, որ նախարարի հրամանը որևէ առնչություն չունի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հետ։

«Հրամանն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ դրա հիմքը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքն է։ Համաձայն այս օրենքի` նախարարը կարող է ընդունել օրենքներ, բայց նա չի կարող հրամանով փոխարինել օրենքները»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` ուսումնասիրել է միջազգային փորձ, և չի եղել այնպիսի դեպք, երբ նման գործընթացները կարգավորվեն նախարարի որոշմամբ, այլ ոչ թե օրենքով։ Նա հավելեց, որ նախարարը չի կարող որոշումներ կայացնել, որոնք հանգեցնում են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում քաղաքացիների լրացուցիչ ծախսերի:
Նշենք, որ դիմումը ներկայացրել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել:
Փափուկ ուժի կիրառումը տվել է իր արդյունքը. համաճարակաբանը` պատվաստումների մասին
Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։
Որպես պատասխանող կողմ դատավարությանը պետք է ներգրավված լիներ ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը, սակայն նա լիազորագիր էր հանձնել բարձր դատարան և այժմ պատասխանող կողմ են հանդիսանում ԱԺ ներկայացուցիչ Մերի Մոսինյանը, ում լիազորագիրը թերի էր ներկայացված, նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը, ինչպես նաև Գայանե Սահակյանը։