ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է` ՀՀ–ում չկա որևէ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կներկայացնի Հայաստանի սահմանները։ Օհանյանը նման կարծիք հայտնեց սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե միլիմետրի ճշտությամբ գիտի՝ Հայաստանի սահմանը որտեղով է անցնում։
«Համոզված եմ, որ այսօր չկա որևէ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները, քանի որ ՀՀ սահմանների փոփոխությունը կամ ճշգրտումը ողջ Խորհրդային Միության տարիներին է իրականացվել»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց նաև, որ, բացի այդ, այս պատերազմի ժամանակ այսօր ունենք դիրքերի այնպիսի դասավորվածություն, որը բանակցային գործընթացում իր ազդեցությունն է ունենալու։
Օհանյանը հայտնեց, որ այսօրվա լսումներին հրավիրել են նաև խորհրդարանական մեծամասնությանը, սակայն նրանք ներկա չեն։