ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. 37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման, ձեռքբերման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ:
Ապացույցների բավարար գնահատմամբ ՃՈ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
Նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանք է առաջադրվել ևս 35 անձի:
Ավելի վաղ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ:
ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ` հանցավոր ճանապարհով ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր: