ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոնում առ այսօր չկա համակարգչային տոմոգրաֆ, որի շնորհիվ հնարավոր կլինի վիրավոր զինվորներին հրատապ ու ճիշտ բժշկական օգնություն տրամադրել։
ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ խնդիր է դրվել շտապ գնում կատարել։ Բայց քանի որ դրա համար ԲԿ–ում նաև համապատասխան տարածք չկա, որոշվել է նաև անհապաղ սկսել տարածքի հիմնանորոգումը։
Կառավարությունն այդ կաբինետի շինարարական աշխատանքն առաջարկել է «Կապանի նորոգշին» ԲԲԸ-ին` վճարումը աշխատանքների ավարտից հետո կատարվելու պայմանով:
Ըստ կառավարության կայքում հրապարակված նախագծի` համակարգչային տոմոգրաֆի կարիքը Սյունիքում առաջացել է դեռ մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով, որից հետո Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։