ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը չի ընդունում, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի` ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող հատվածն Ադրբեջանին է պատկանում։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ներկայացրեց այդ ճանապարհահատվածի պատմությունը։
«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնել կառուցել Գորիս–Կապան ավտոճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը։ Հստակ գիտեին, քանի որ ոչ գիտակից մարդ չէր կարող լինել Մինիստրների կազմում։ Գիտեին` ինչի համար են կառուցում և ինչու հենց այդ տարածքում։ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա ողջ տարածքով ավտոճանապարհ անցկացնել, և, Գորիս–Կապանը կառուցելով, փաստորեն Ադրբեջանի ձգտումների դիմացն առան»,–ասաց Քոչինյանը։
Նրա խոսքով` հիմա հայտարարվում է, որ Գորիս–Կապանի` 22 կմ հատվածն Ադրբեջանի տարածքով է անցնում, սակայն այստեղ հարց է առաջանում` երբ Ադրբեջանի «տարածք էինք գրավում» Գորիս–Կապանը կառուցելով` Ադրբեջանի իշխանությունները չէի՞ն տեսնում դա։
Քոչինյանը նկատեց` Ադրբեջանի համար այդ տարածքը տնտեսական որևէ նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այդ տարածքում նրանք ոչ գյուղ, ոչ էլ արդյունաբերություն ունեին` ոչինչ էլ չունեին։ Նա հավելեց` այդ ճանապարհները կառուցվել են անտառների մեջ` անտառահատումների միջոցով։ Ինչ է`Ադրբեջանը համաձա՞յն էր, որ «իրենց տարածքում» հատում կատարվի։
«Երբ մենք զիջում ենք 22 կիլոմետր, դա նշանակում է, որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում անելիք չունենք»,–ասաց Քոչինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան։
Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։
Գորիս—Կապան ճանապարհին նրանք արդեն մաքսակետեր են տեղադրել։ Թեև երկրների միջև 44–օրյա պատերազմից հետո դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց ՀՀ իշխանությունը պնդում է, որ այդ հատվածը ադրբեջանական է։