Ինչպես պատահեց, որ կորոնավիրուսի թվերը սկսեցին նվազել. Փաշինյանը պատասխանեց իր հարցին

Նիկոլ Փաշինյան
Երկու պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 000–ի շեմը. քննարկվում է վերապատվաստումների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ինչպես պատահեց, որ կորոնավիրուսի թվերը Հայաստանում սկսեցին նվազել։ Այսօր կառավարության նիստում նման հարցադրում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով հարցի պատասխանի իր տարբերակը։
Նրա դիտարկմամբ հիվանդացության անկմանը նպաստեցին դպրոցական աշնանային երկարացված արձակուրդները։ Իսկ հիմնական գործոնը պատվաստումների գործընթացն է։

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ որ մեր երկու լիարժեք պատվաստումները 300 000 շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Այսօր մեր երկու պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 000–ի շեմը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ առաջին պատվաստում ստացածների թիվն էլ հատել է արդեն 700 000–ի շեմը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ չնայած որոշ ժամանակ առաջ տարածվող սարսափազդու լուրերին` Հայաստանում պատվաստումների հետ կապված բարդության որևէ դեպք մինչ օրս չի արձանագրվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հստակեցրեց, որ առաջին դեղաչափ ստացել է 761 820 քաղաքացի, որոնցից 406 681–ը արդեն ստացել են նաև երկրորդ դեղաչափը։
Պատվաստումից հետո վարակված քաղաքացիների թիվը, ըստ նախարարի, 1269 է։ Նրանցից 114–ը բուժում են ստանում հիվանդանոցում։
Ինչ վերաբերում է պատվաստումների` վերարտադրողական առողջության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին տեղեկություններին, Ավանեսյանը հայտարարեց, որ գիտական ուսումնասիրություններն այս թեզը հերքում են
Իսկ թե Հայաստանում երբ ու ինչ կարգով կսկսեն վերապատվաստումներ իրականացնել, ՀՀ կառավարությունում, Ավանեսյանի խոսքով, այս պահին քննարկում են այդ հարցերը։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 592-ով և դարձել 336330: