ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈւ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Մասնավորապես քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈւ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հանցավոր արարք կատարելու կասկածանքով նոյեմբերի 22-ին ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Բանակային կորպուսի հրամանատարի նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։
Գ. Գ.-ն չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈւ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Նշված արարքները կատարելու համար նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։