ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ և «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում առաջին հերթին անհրաժեշտ է ազգային միասնության կոմիտե ձևավորել։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում սահմանազատման և սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումների ժամանակ։
«Այո՛, մեզ պետք է փողոցային պայքար, սակայն այն չի կարող հաջողության հասնել, եթե չկա ձևավորված միասնական գործոն։ Սակայն կա անորոշություն` պատկերացրեք, եթե մենք հասանք մեր նպատակին, ինչպե՞ս է ձևավորվելու մյուս` լեգիտիմ իշխանությունը։ Եթե պարոնը հրաժարական տա, ի՞նչ է անելու ԱԺ–ն այդ պարագայում, ո՞ւմ է առաջադրելու։ Ժողովուրդը պետք է տեսնի` ում է ուզում հանձնել իշխանությունը»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` պետք է ազգային միասնության կոմիտե ձևավորվի, որտեղ ներգրավված կլինեն սփյուռքի ուժերը, Արցախի ներկայացուցիչներ, հայաստանյան հասարակական և քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, որոնք կկարողանան հստակ ձևավորել ստվերային կառավարություն։
Սարգսյանը հավելեց, որ, բացի այդ, անհրաժեշտ է նաև Արցախի հիմնահարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել։ Նա նշեց, որ պետք է ընդունել` ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով և դուրս գալով Ադրբեջանի կազմից` չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Առայսօր ոչ ոք Արցախի անկախությունը չի ճանաչել, քանի որ Հայաստանը դրա իրավական հիմքը չի ներկայացրել»,–ասաց նա։
Սարգսյանը հավելեց` այսօր Մինսկի խմբի համանախագահներն անգործ նստած են, քանի որ որևէ օրակարգ չկա. մի կողմը հայտարարում է, որ այդ հարցն արդեն լուծված է, իսկ ՀՀ–ն էլ սուսուփուս նստած է։