ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Առանց պետության թույլտվության հնարավոր չէ մուտք գործել որևէ բջջային օպերատորի համակարգ և Pegasus ծրագրով գաղտնալսել որևէ մեկին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել և իրականացնել միջոցառումներ։ Pegasus–ը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց է տրամադրում հասանելիություն»,– նշեց Վանեցյան։
ԱԱԾ նախկին տնօրենը հավելեց, որ բաժանորդագրությունից հետո Հայաստանից ասում են, թե ում է պետք գաղտնալսել։
Նա ընդգծեց, որ դեռևս սեպտեմբեր ամսից է տեղյակ, որ իրեն գաղտնալսում են, այդ ժամանակ միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետների շնորհիվ իր հեռախոսի փորձաքննություն են իրականացրել, արդյունքում հայտնաբերվել են փաստեր, որ ծրագիրն առկա է հեռախոսում։
«Այդ ժամանակ չունեի հաստատում Apple ընկերությունից, չէի ցանկանում դրա մասին բարձրաձայնել»,– ասաց Վանեցյանը և հավելեց, որ զգուշացնող նամակն ընկերությունից երեկ է ստացել` նոյեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 24-ին գրառում էր կատարել Facebook-ում, որ Apple ընկերությունից նամակ է ստացել ու որոշել այն հրապարակել։ Նա շեշտել էր, որ այդ նամակը հաստատում է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։
Նշենք նաև` արևմտյան մամուլն էլ հայտնում էր, որ Apple-ը նոյեմբերի 24-ին դատական հայց է ներկայացրել Pegasus ծրագրի հեղինակ իսրայելական NSO Group ընկերության դեմ` Apple-ի օգտատերերին հսկողության ենթարկելու ու թիրախավորման համար: Apple-ը պահանջում է արգելել NSO Group-ի ծրագրի կիրառությունը։