Թուրքական Daily Sabah պարբերականը In and out of time: Istanbul as curated by Murat Germen («Ժամանակի մեջ և ժամանակից դուրս. Ստամբուլը Մուրատ Գերմենի համակարգման օրոք») ներկայացրել է Զիլջյանների տոհմի ժառանգությունը։
Հոդվածը նվիրված է ցուցահանդեսին, որը կոչվում է Past Present Istanbul («Ստամբուլը անցյալում ու ներկայում) ու անցկացվում է Թուրքիայի մայրաքաղաքի Սակիփ Սաբանջիի թանգարանում:
Հեղինակ Մեթ Հենսոնը, նկարագրելով ցուցադրությունը, գրում է. «Ամենատպավորիչ ու ցնցող ինստալյացիաներից մեկը Էգե Կանարի «Անոթ» նորարարական աշխատանքն է, որն ուսումնասիրում է հայերի ղեկավարությամբ ափսեներ պատրաստելու արվեստը․.. Կանարն Օսմանյան արխիվներում տվյալներ է գտել Զիլջյանների ընտանիքի մասին, ինչպես նաև գտել է նրանց վաղ աշխատանքները։ Թանգարանի առաստաղից կախված այդ մետաղական գլուխգործոցների թրթռումըձայնակցում է դրանց ստեղծման պատմությանը»։
Ցուցահանդեսի շրջանակում գեղանկարչության պրոֆեսոր և լուսանկարիչ Մուրատ Գերմանը հրավիրել է արվեստի 22 գործիչների՝ ներկայացելու համար տարբեր ժամանակահատվածներում Ստամբուլի զարգացման իրենց տեսլականը։
Հայտնի Zildjian ապրանքանիշի պատմությունը սկսվում է XVII դարից: Կոստանդնուպոլսում ապրել է հայտնի ալքիմիկոս Քերոբե-Ավետիսը, որը փորձում էր տարբեր մետաղների խառնուրդից ոսկի ստանալ։ Հերթական փորձի ընթացքում նա ստեղծում է յուրահատուկ խառնուրդ. այդ նյութից պատրաստված թիթեղները բացարձակ մաքուր հնչյուններ էին արձակում։ Այնպես ստեղծվեց ժամանակակից ծնծղաների նախատիպը։
Որոշ ժամանակ անց երաժշտական գործիքը մեծ պահանջարկ է ձեռք բերում և սկսվում է կիրառվել թուրքական բանակում։ Զինվորները օգտագործել են այն թշնամիներին վախեցնելու համար։ Թուրքերը գործիքը «զիլ» էին կոչում (բարձր, կտրուկ հնչեղություն ունեցող - խմբ.), իսկ վարպետներին՝ «զիլջի», ինչը թարգմանաբար նշանակում է «ափսեների վարպետ»։ Այսպես, Քերոբ-Ավետիսը «զիլջիին» ավելացրել է «յան» ու դարձել Զիլջյանների տոհմի նախահայրը։ Զիլջյանների ափսեների պատմությունը սկսվում է 1623 թվականից ։
Հայոց ցեղասպանության ժամանակ Զիլջյանների ընտանիքի շատ անդամներ ստիպված են եղել փախչել ԱՄՆ։ 1929 թվականին Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում հիմնադրվել է Avedis Zildjian Co ընկերությունը։
Ամենամեծ հաջողությունների է հասել Ավետիս Զիլջյանը։ Դա ջազի դարաշրջանն էր, և նա անձամբ շրջում էր երաժշտական խանութներով և առաջարկում էր իր ապրանքը։ 1938 թվականին նա արտոնագրում է ափսեն։ Մեկ տարի անց Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի՝ անմիջապես հայտնվելով այնպիսի հայտնի երաժիշտների մոտ, ինչպիսիք են Գլեն Գիլմորը ու Բենի Գուդմենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավետիսը պետական պատվեր ստացավ՝ Zildjian գործիքներ մատակարարել ԱՄՆ ռազմական նվագախմբին։
Հատկանշական է, որ կատարյալ հնչողություն ապահովող խառնուրդի գաղտնիքն արդեն 400 տարի է՝ խիստ գաղտնի է պահվում։ Մինչև XIX դարի կեսերն այն նույնիսկ գրի չէին առնում, որ բացառեին տեղեկատվության արտահոսքը. գաղտնիքը բերնեբերան էր փոխանցվում։
Համաշխարհային լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում Զիլջյանների գաղտնիքի թեմային և այդ ընտանիքի ֆենոմենին։ Հետաքրքրականն այն է, որ համաշխարհային ուսումնասիրությունների համաձայն, ընտանեկան բիզնեսը սովորաբար երեք սերունդ է պահպանվում, իսկ Զիլջյանների դեպքում այն հասել է արդեն 14-րդ սերնդին։
Zildjian-ը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահին ընտանեկան բիզնեսը: