ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. ՌԴ առողջապահության նախարարության կողմից պատենտավորած՝ ցավի դեմ համալիր սարքի ստեղծողներն ուզում են այն ներդնել Հայաստանում։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց «Վեկտոր–բժշկական համակարգեր» ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Կազանցևը, սարքը ստեղծվել է բժշկական գիտությունների դոկտոր, Ուրալի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Գերասիմովի հետազոտությունների հիման վրա։
Ավելի քան 30 տարի առաջ պրոֆեսոր Գերասիմովը սկսեց ուսումնասիրել, թե ինչպես է ծնվում ու փոխանցվում ցավի համախտանիշը։ Իր դոկտորական ատենախոսության մեջ նա շարադրեց տեսությունն այն մասին, որ ցավն առաջանում է հոդերի և ողերի ոսկրային հյուսվածքից և առաջարկեց բուժել այն մարդու մարմնի բնական էլեկտրական ազդակներին առավելագույնս մոտեցված էլեկտրական ազդակների մեթոդով։
Ֆիզիոթերապիայի սովորական սարքերի դեպքում ևս էլեկտրական ազդակներ են կիրառվում, սակայն դրանք զգալիորեն (շուրջ 300 անգամ) թուլանում են մաշկի պատնեշից, նշում է Կազանցևը։ Այդ պատճառով տվյալ դեպքում անհրաժեշտ էլեկտրական հոսանքը փոխանցվում է ցավի օջախին մոտեցվող ասեղի միջոցով։ Բնականաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բժիշկը պետք է իմանա` ինչպես և որտեղ ներարկել և ինչպես իրականացնել պրոցեդուրան։
Պետք է իմանալ նաև փոխանցվող հոսանքի ուժը` հաշվի առնելով օրգանիզմի հյուսվածքների էլեկտրական դիմադրողականությունը։ Տարբեր մարդկանց մոտ այն տարբեր է, այդ թվում՝ կախված առողջական վիճակից և տարիքից։ Սակայն սարքը հակառակ կապի միջոցով հաշվի է առնում դիմադրողականությունն ու հարմարեցնում հոսանքը դրան համապատասխան, հավելեց Կազանցևը։
«Այդ ամենը, իհարկե, պետք է անի մասնագետը, դրա համար սարքը նախատեսված չէ տանն օգտագործելու համար։ Նույնիսկ այն օգտագործող բժիշկները պետք է վերապատրաստում անցնեն», – նկատեց նա։
Երբ ՌԴ առողջապահության նախարարության կողմից սարքը և դրա ուղեկցող մեթոդաբանությունը հավանության արժանացան, սարքերը սկսեցին տեղադրել առողջարաններում և հիվանդանոցներում, այդ թվում Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ազգային կենտրոնում։ Նման սարքեր սկսեցին կիրառել նաև Նուր–Սուլթանի Նյարդավիրաբուժական ազգային կենտրոնում, իսկ այժմ փորձ է արվում պատենտավորել դրանք Գերմանիայում։
«Դրա համար բազմաթիվ հիմնավորումներ և հոդվածներ են պետք առաջատար գիտական պարբերականներում, այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ», – հավելեց Կազանցևը։
Երկու տարի առաջ նա պրոֆիլային մասնավոր կլինիկայի (ամերիկյան բուժկենտրոններից մեկի հետ աֆիլացված) հետ համատեղ ցավի բուժման կենտրոն էր ուզում բացել նաև Հայաստանում։
«Մենք ուզում էինք, որ պրոֆեսոր Գերասիմովը գա այստեղ՝ բժիշկներին սովորեցնելու համար։ Այն ժամանակ մի շարք պատճառներով գաղափարն իրագործել չհաջողվեց, սակայն այժմ կրկին ուզում ենք այստեղ գործընկերներ գտնել և բացել կենտրոնը։ Իհարկե, նախևառաջ ցանկանում ենք ներկայացնել մեթոդաբանությունը ՀՀ առողջապահության նախարարությանը` պետության հավանությունը ստանալու համար», – հավելեց Կազանցևը։
Տեխնոլոգիայի շնորհանդեսը և հայ գործընկերների հետ ռուս մասնագետների հանդիպումը Երևանում կայացավ ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։