ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պատվաստումները մերժող մարդկանց պատժելու հարցում պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորել ու դա չվերածել «վհուկների որսի»։
«Դա մեր իրավասությունը չէ, սեփական տեսակետը փաստարկված արտահայտելը մի բան է, ինչ-որ բանի կոչ անելը` մեկ այլ բան։ Այս ամենը միայն դատարանը կարող է քննել և ինչ-որ վճիռ կայացնել։ Անշուշտ, վատ կլինի, եթե այդ ամենը վհուկների որսի վերածվի, այստեղ, իհարկե, հանգիստ, սթափ, հավասարակշռված մոտեցում է պետք», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում «Ռոսզդրավնադզորի»՝ պատվաստումների դեմ քարոզող մարդկանց մասին տեղեկություններ հավաքելու նախաձեռնությանը։
Նա նշել է, որ այդպիսի մարդիկ այնքան էլ շատ չեն, բայց, միևնույնն է, նրանք կան ու վտանգում են մարդկանց կյանքը։
«Շատ վատ է, որ բժիշկները հիվանդներին համոզում են չպատվաստվել, երբ այդ մարդկանց կյանքը վտանգված է։ Դա, իրոք, վատ է։ Իսկ թե ինչպես է պետք պատժել դրա համար, մեր որոշելու հարցը չէ, դա մեր իրավասությունը չէ», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Կոմունարկայի № 40 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն պատվաստումները մերժող անձանց հրավիրել էր այցելել Covid-հոսպիտալներ ու դիահերձարանների «կարմիր գոտիներ»: Ռուսական մի շարք բուժհաստատությունների բժիշկներ աջակցել էին նրան։
Պեսկովն ասել է, որ Կրեմլում այդ նախաձեռնությունը շատ դրական են գնահատում։
«Կարելի է հուսալ, որ ուղերձի տակ ստորագրածների հեղինակությունը կօգնի, որ այդ մարդկանցից գոնե մեկը փոխի իր տեսակետը»,- ավելացրել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի առողջապահության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը տարածաշրջանային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մոնիթորինգի միջոցով տեղեկություններ է հավաքում պատվաստման դեմ արտահայտվողի մասին ու դրանք փոխանցում դատախազությանն ու քննչական մարմիններին, ներկայացված դիմումների քանակը նախատեսվում է հրապարակել ծառայության տարածքային մարմինների տրամադրած տեղեկատվության վերլուծությունից հետո: