ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի խոշորագույն արևային կայանը` «Այգ–1»–ը (200 մեգավատ հզորությամբ), շահագործման կհանձնվի 2025թ.–ին։ Համեմատաբար երկար ժամկետը պայմանավորված է նախապատրաստական աշխատանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի պարզաբանում ներկայացրեց Հայասատնի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործարքների իրականացման վարչության ղեկավար Գրիգոր Պետրոսյանը։
Կայանի նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, այն կառուցվելու է 377.4 հեկտարի վրա` Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում։
Ծրագիրն իրականացնում են ANIF-ը և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Masdar ընկերությունը (ANIF-ն ունենալու է 15% բաժնեմասնակցություն)։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 174 միլիոն դոլար։
Նշենք, որ արաբական ընկերությունն ընտրվել էր կառավարության կազմակերպած միջազգային մրցույթով` երկու փուլով։ 2021–ի հունիսի 18-ի N 1022-Ա որոշմամբ մրցույթի հաղթող է ճանաչվել Masdar ընկերությունը։
Ըստ նախագծի` կայանի կառուցումը կմեկնարկի 2023թ.-ի 4-րդ եռամսյակում, իսկ մինչ այդ կատարվելու են մի շարք նախապատրաստական աշխատանքներ:
Տարածքում կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, որոնց արդյունքում կստացվեն տարածքի թվային մոդել և տոպոգրաֆիկ քարտեզներ: Սա հնարավորություն կտա ստանալ ֆոտովոլտային պանելների առավելագույն ճշգրիտ տեղադիրքը:
Կատարվում են նաև ինժեներա-երկրաբանական աշխատանքներ, որոնք թույլ կտան հասկանալ գրունտի կառուցվածքը, ջերմահաղորդականությունը և էլեկետրական դիմադրությունը:
Այս եղանակով հնարավոր կլինի գնահատել էներգետիկ կորուստները արտադրության ու փոխադրման ընթացքում։
Կատարվում է նաև էլցանցին միացման ուսումնասիրություն` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի հետ համատեղ։
Դրանից բացի, ուսումնասիրվում են տարածքի պատմամշակութային կոթողները, տեղում կատարվում է դրանց լրացուցիչ քարտեզագրում։
Վերջապես, նախատեսվում է նաև նորովի գնահատել տեղանքի էներգետիկ ռեսուրսը (արևային ճառագայթման ինտենսիվությունը)։ Հայաստանի «արևային քարտեզներ» կազմվել են մի քանի անգամ, մասնավորապես` 2015 -16 թվականներին, բայց Masdar-ը ցանկացել է մանրամասն ուսումնասիրություն կատարել տվյալ տեղանքում։ Այնտեղ չափվելու է նաև արևային և ամպամած օրերի քանակը (ինչից նույնպես, բնականաբար, կախված է կայանի արտադրողականությունը)։
Այս ամենի համար ներդրողները կառուցում են նաև նոր օդերևութաբանական կայան։
Ծրագրի ժամկետի ավարտից հետո ներդրող կողմն իր հաշվին պետք է ապահովի ֆոտովոլտային պանելների տեխնիկակական փորձաքննության իրականացումը՝ պարզելու համար դրանց հետագա շահագործման հնարավորությունը։ Փորձաքննության հիման վրա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված պանելները ներդրողի կողմից պետք է անհապաղ վնասազերծվեն և վերամշակվեն՝ այդ պահին առկա ամենաարդյունավետ եղանակով։ Նշենք` ներկա սերնդի արևային պանելների օգտակար ծառայության ժամկետը 25-30 տարի է։
Հարկ է նշել` ներկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առայժմ ֆոտովոլտային պանելների ոչ պիտանի զանգվածի ամենատարածված մեխանիզմը վերամշակումն է։ Պետրոսյանը հստակեցնում է` վերամշակման ենթակա են պանելի հիմնական կոմպոնենտները` ապակին, ալյումինը և պղինձը, իսկ մնացած կոմպոնենտները, որոնք էական մաս չեն կազմում, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց վնասակար ազդեցությունը, ենթակա են դառնում վերամշակման ընդհանուր պայմաններով։
Ներդրողը և պետությունը (հանձինս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության) քննարկում են նաև արևային պանելների օգտահանման հարցը` ծառայության ժամկետից հետո։
Միջազգային ստանդարտների համապատասխան` նախատեսվում է նաև տարածքային զարգացման վճարների հատկացում Դաշտադեմ ու Թալին համայնքներին: Համաձայն տվյալ համայքների հետ կնքված դրամաշնորհների պայմանագրի` վճարներն ուղղվելու են բացառապես սոցյալ-տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով: