ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Քննարկվել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ երեկ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր օղակ է։ Նրա խոսքով` որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։