Հայ գերիների հայրենադարձումն Ադրբեջանի համար սակարկելու առարկա է. Սիմոնյանը` Փարիզում

«Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովի ժամանակ ելույթով հանդես են եկել նաև ֆրանսիացի սենատորները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Միջազգային հանրությանը պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է։ «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը Ֆրանսիայում է Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել են Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից
Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը և Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է:
Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն ասել է. «Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ»։
Իսկ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն էլ նշել է, որ Արցախի դեմ պատերազմի սանձազերծման և Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից։ Նա խոսել է նաև Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարեւորության մասին:

«Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է»,–ընդգծել է ֆրանսիացի սենատորը:

Նշենք, որ «Հայաստանը մեկ տարի անց» համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին:
Հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին. Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին
Հիշեցնենք` աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն։