ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով։ Նման որոշում է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Կարանտինը սահմանվել է նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը, իսկ կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Կարանտինի ընթացքում կկիրառվեն մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացնողները պարտավոր են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանել, իսկ խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսի դեպքերի բացակայության դեպքում:
Բացի այդ, մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումը կանցկացվի հեռավար: Հեռավարի անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում պետք է կազմակերպել հեռավար:
Ինչ վերաբերում է հավաքներին, ապա դրանց կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ, իսկ փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ):
Պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի առկայությունը:
Նշվում է նաև, որ հանրային իշխանության մարմիններում և մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 96 ժամ վաղեմության։ ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին:
Հիշեցնենք՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվել էր կարանտին։ Դրա ժամկետը, փաստորեն, երկարաձգվել է։ Հավելենք, որ նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել: