Առանց ցնցուղի լոգարաններ, ժամկետանց դեղեր. ինչ վիճակ է նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ խնդիրներ են հայտնաբերվել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։ Թաթոյանն այդ փաթեթն ուղարկել է սոցապնախարարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս, հոգեբույժների խիստ պակաս և այլ խնդիրներ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնաբերել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։ Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է մշտադիտարկման արդյունքում արված վերլուծությունը։

«Տուն-ինտերնատը գերբեռնված է` պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը։ Բացի այդ, հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութեր, իսկ դեղորայքի, այդ թվում հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս կա»,–նշված է վերլուծության մեջ։

Թաթոյանը կարծում է, որ հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450 խնամարկյալին սպասարկում է մեկ հոգեբույժ), ինչն անթույլատրելի է։
Նշվում է նաև, որ ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ։
Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. Թաթոյան
Անդրադառնալով շենքային պայմաններին` Թաթոյանը նկատում է, որ տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք, լոգարաններում ցնցուղներ չկան, բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով։
Բացի այդ, բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքի հիմնական տեսակը հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցն է, և որոշ բաժանմունքներում տևական ժամանակ այն եղել է անսարք վիճակում։

«Դեպի տուն-ինտերնատ չկա հասանելի հասարակական տրանսպորտ, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ։ Իսկ հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են»,–ասում է Թաթոյանը` հավելելով, որ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվի:

Չնայած խնդիրներին` նախորդ այցի համեմատ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա տուն-ինտերնատում արձանագրվել են դրական փոփոխություններ։
Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ բուժման հարցերը խրոնիկ են դարձել. ՄԻՊ–ը մտահոգված է
Մասնավորապես, բաժանմունքներում մետաղական մահճակալները փոխարինվել են նորերով, բարելավվել է սննդի որակը, կին խնամարկյալների նկատմամբ իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու հետազոտություններ, կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում:
Այցի արդյունքներն արտացոլող փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Թաթոյանն ուղարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: