ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «Apple» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում, քանի որ թուրքական ազգային արժույթը շարունակում է անկում ապրել։ Տեղեկությունը հայտնում է Аppleinsider.com–ը։
Թուրքական արժույթը երեկ նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37 լիրայից հասնելով 13,21–ի։ Վերջին 20 տարվա ընթացքում դա առաջին կտրուկ անկումն է մեկ օրվա ընթացքում։ Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:
«Apple»-ի գործողությունները պատասխանն են տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ Էրդողանի որոշմանը, որը նա համարում է կենսունակ ռազմավարություն արտահանման, ներդրումների և աշխատատեղերի ավելացման համար:
Թուրքիայում գնաճի մակարդակը մոտենում է 20 տոկոսի, ինչը կտրուկ մեծացնում է ապրանքների գները և միևնույն ժամանակ արժեզրկում եկամուտները։
Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, չնայած «Apple»-ի առցանց խանութը շարունակում է հասանելի լինել գնորդների համար, այդուհանդերձ ընկերությունը Թուրքիայում ոչ մի նոր պատվեր չի ընդունում։
Նշվում է, որ Թուրքիայում «Apple»-ի արտադրանքի առցանց վաճառքի վերսկսման ժամկետների առումով դեռ հստակություն չկա, սակայն դա կարող է որոշ ժամանակ տևել՝ հաշվի առնելով շարունակվող տնտեսական ճգնաժամը: