ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երեկ հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը բազմազավակ ընտանիքից էր, տան փոքրը։ Ապրում էր Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Սադունց գյուղում։
Մեկ տարի հետո պիտի ավարտեր ծառայությունն ու տուն վերադառնար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը։
«5 երեխա էին, 2 քույր ու երեք եղբայր։ Քույրերն ամուսնացած են։ Սուրենի երկու եղբայրները ծառայած են, որոնցից մեկը 44–օրյա պատերազմի մասնակից է։ Տղայի ընտանիքին անձամբ ճանաչում եմ և կարող եմ ասել միայն դրականը, շատ հանգիստ, շփվող մարդիկ են»,–ասաց համայնքապետը։
Նրա խոսքով`ընտանիքի նյութական վիճակն այդքան էլ բարվոք չէ. գյուղացի մարդիկ են , ապրում են իրենց ամենօրյա հոգսերով։
«Դե ընտանիքի հոգեվիճակի մասին ես որ չասեմ էլ, դուք արդեն կպատկերացնենք։ Ոչինչ չի մխիթարի»,–ասաց Մախմուդովը։
Հոգեհանգիստը, նախնական տվյալներով, տեղի կունենա նոյեմբերի 25–ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել էր կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:
ՀՀ քննչական կոմիտեում դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։