Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի. Նիկոլ Փաշինյան

Վանո Սիրադեղյան
Նիկոլ Փաշինյանը մտածել է, թե Վանո Սիրադեղյանը 2018-ից հետո ՀՀ իրավապահներին կհանձնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը մոտ օրերս Հայաստան կտեղափոխվի։ Այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել»։

«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ։ Ես այցելել եմ Սիրադեղյանի ընտանիքին, և իմ ցավակցությունն եմ հայտնել։ Սիրադեղյանին ես ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ ունեցել»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերվում է Սիրադեղյանին Հայաստան «վերադարձնելուն», Փաշինյանը նշեց, որ մտածել է, թե 2018 թվականից հետո կարող է Սիրադեղյանը ՀՀ իրավապահներին հանձնվել, քանի որ որոշակի օբյեկտիվ դատավարական պայմաններ կարող էին լինել։
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։