ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում աննախադեպ ծավալով ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, հատկապես Սյունիքի մարզի մի շարք գյուղերում։
Այս մասին այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ճանապարհաշինության մասին հարցին։
«ՀՀ ողջ պոտենցիալը, ինչ հնարավոր է` ուղղված է ռազմական և քաղաքացիական նշանակության ճանապարհների վրա, որևէ կանգնած ընկերություն չկա։ Գուցե որոշ ճանապարհներ դեռևս ամբողջությամբ ավարտին հասցված չեն, ինչը, իհարկե, վատ է։ Ճակատենի, Բարձրավանի, Որոտանի, Շուռնուխի, Քաշունու հատվածներում ճանապարհաշինական հսկայական աշխատանքներ են իրականացվում»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ երեկ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել, որպեսզի Ճակատեն–Կապան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվի։ Այն լինելու է անվճար։
Անդրադառնալով Սյունիքի մարզի Տաթև–Աղվանի ճանապարհով բեռնափոխադրումներին` նշեց, որ դրանք իրականացվում են ներկա պահին, սակայն զուգահեռ կառուցվում է Տաթև–Լծեն բարձր որակի նոր ճանապարհ։
«Վերին Խոտանան գյուղի շրջանցման համար կառուցվում է շրջանցիկ ճանապարհ, քանի որ տեղի եկեղեցու հատվածում ճանապարհը նեղ է ու լայնացնելու հնարավորություն չկա։ Սոթք–Խոզնավար հատվածի ինժեներական աշխատանքներն էլ պատշաճ ձևով արված չեն»,– ասաց Փաշինյանը։
Կառավարության ստեղծած աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով աշխատում է բոլոր բնակիչների ու ընտանիքների հետ, հոգում նրանց կարիքները` դեղորայք, վառելիք, անհրաժեշտության դեպքում այլ օգնություն հասցնում։ Վարչապետը պնդեց, որ գործադիրը միլիարդների ծրագրեր է իրականացրել Սյունիքում, քանի որ պետության պարտքն է։