ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում ավելի քան երեք ամսով երկիր ժամանած բոլոր աշխատանքային միգրանտներին և օտարերկրացիներին էլեկտրոնային ID-քարտեր կտրամադրեն։ Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2021 թ․-ի դեկտեմբերի 29-ից:
Փաստաթղթերը կտրամադրեն աշխատանքային միգրանտներին և օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանել ավելի քան 90 օր ժամկետով: Դրանցում կներառվեն պարտադիր մատնադրոշմման և լուսանկարման մասին տվյալները։
Էլեկտրոնային քարտն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ։ Դիմերեսին կտեղադրվի օտարերկրացու 8,5 x 5 սմ չափսի լուսանկարը: Բացի այդ, ID-քարտը կպարունակի փաստաթղթի նույնականացման համարակալումը, որտեղ կնշվեն նաև միգրանտի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և սեռը:
Փաստաթղթի դարձերեսին կնշվեն օտարերկրացու քաղաքացիության մասին տեղեկությունները, այնտեղ կգտնվի տեղեկատվության էլեկտրոնային կրիչը՝ ոչ կոնտակտային ինտերֆեյսով միկրոսխեմայի տեսքով։
Ընդ որում, չիպը կպարունակի ձեռքի ցուցամատների պապիլյար նախշերի էլեկտրոնային պատկերը։
2021 թ․-ի հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն` աշխատանքային միգրանտներն ու օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են ժամանել ոչ աշխատանքի տեղավորվելու համար և ավելի քան 90 օրով, պետք է անցնեն պարտադիր պետական մատնադրոշմային գրանցում: