Փաշինյանն ասաց` ինչու ՌԴ առաջարկները հրապարակային չեն դարձնում

ՀՀ վարչապետը շեշտեց, որ կարող են լինել առաջարկներ, որոնք այն չեն, ինչ Հայաստանն է առաջարկում, սակայն բովանդակության առումով կստեղծեն երաշխիք, որ ռազմական բախումներ տեղի չեն ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկները հրապարակային դարձնելու դեպքում դիվանագիտական աշխատանքը կզրոյանա։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք ընդունելի են Հայաստանի համար։

«Կա դիվանագիտական աշխատանք, որը հրապարակային դարձնելով` այն կդադարի գոյություն ունենալուց, և անհրաժեշտ կլինի ամեն ինչ սկսել զրոյից։ Ասել եմ, որ ընդունելի են Հայաստանի համար այդ առաջարկները, սակայն դա չի նշանակում, որ 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ պատկերացումներին»,– նշեց Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանն իրականում ցույց է տալիս, որ ցանկանում է գնալ լուծումների։

Նա ընդգծեց, որ եթե առաջարկները 100 տոկոսով համապատասխանեն Հայաստանի պատկերացումներին, ապա կստացվի, որ Ադրբեջանը դրանց հետ չի համաձայնի, հետևաբար պետք կլինի գնալ որևէ միջին տարբերակի։
Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում հանդես են եկել առաջարկություններով` զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ, և ընդգծեց, որ ՌԴ–ն դրանից հետո հանդես էր եկել առաջարկներով, որոնք չէին համապատասխանում հայկական կողմի տրամաբանությանը։
Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ–ն փորձ է անում և արել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներից միջին որևէ բան դուրս բերել։ Նա բարձր գնահատեց ՌԴ նախագահի, ՊՆ–ի, ԱԳՆ–ի ջանքերն այդ առումներով։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ կարող են լինել առաջարկներ, որոնք այն չեն ինչ Հայաստանն է առաջարկում, սակայն բովանդակության առումով կստեղծեն երաշխիք, որ ռազմական բախումներ տեղի չեն ունենա։
Նոյեմբերի 9-ի հանդիպման առաջարկ եղել է. Փաշինյանը մանրամասնեց` ինչու է մերժել այն