Մենք պետք է հասկանանք` քարտեզի վրա նկարած անկլավները իրավական հիմք ունե՞ն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր լրագրողների ու ՀԿ–ների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի` խորհրդային տարիների անկլավների վերադարձի մասին վերջին շրջանում շատ քննարկվող հարցին։
Փաշինյանը նախ արձանագրեց, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացրել է ու անգամ 2020թ–ի նոյեմբերի 9-ին փորձ է արել այդ հարցը ևս քննարկման առարկա դարձնել։
«Այստեղ մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք պետք է հասկանանք` քարտեզի վրա որ անկլավներ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի, թե՞ չունի։ Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, և երկու, ասենք, կոլխոզների որոշում, որ այս կոլխոզն իր տարածքից նվիրում է իր եղբայրական Ադրբեջանին և այլն»,– ասաց Փաշինյանը։
Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում
Նրա խոսքով` այդ բոլոր հարցերն ի վերջո քննարկման առարկա են դառնալու դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացում։ Ընդ որում, Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը դեմ չէ քննարկմանը` հասկանալու համար դրանց իրավական հիմքի առկայությունը։

«Մենք գիտենք, թե Արծվաշենն ինչ կարգավիճակում է։ Մենք գիտենք նաև , որ աշխարհում կան նման նախադեպեր, երբ անկլավները մնացել են այն երկրների սահմաններում, որով պարփակված են, այո, այդպիսի սկզբունք կա։ Բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանում այդ հարցը, իրավական հիմքերով հանդերձ քննարկվել է, Հայաստանն ունի իր մոտեցումը, բայց չի ցանկանում որևէ քաղաքական ճնշման ներքո իր համար կարևոր խաղաքարտերը բացել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրերին լուրեր էին շրջանառում, թե Փաշինյանը նոր փաստաթղթ է ստորագրելու, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ։