ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղի հարցը տարածաշրջանային առաջարկվող «3+3» նոր ֆորմատում չի քննարկվի։ Այս մասին այսօր լրագրողների ու ՀԿ–ների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցի համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի խոսքով, բոլոր այն տարածաշրջանային հարցերը, որոնց քննարկման և լուծման համար արդեն կան այլ ֆորմատներ, չեն կարող քննարկման առարկա լինել «3+3» ձևաչափում։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար Եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած, այդ հարցը «3+3»–ում չպետք է քննարկվի։ Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն ու չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերը։ Այս պահին սա է մեր դիրքորոշումը»,– ասաց Փաշինյանը։
Կգտնվեն նման հարցեր, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն ասաց` «կապրենք, կտեսնենք»։
«3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցություն է ենթադրում։ Այն ստեղծելու առաջարկ են արել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։