ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Պետք է հասկանանք, թե Արցախի ճանաչումն ինչ կտա մեզ։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը։
«Մեզ նախ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ 30 տարի է` անընդհատ քննարկվել է Ղարաբաղի ճանաչման հարցը և որոշում չի կայացվել, քանի որ հասկացել են, որ Հայաստանը չպետք է լինի առնվազն առաջինն ու միակը նման որոշում կայացնելու հարցում, սակայն սա չի նշանակում, որ պետք է վերջինը լինի»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` Արցախի հարցում մի կարևոր հանգամանք հաշվի չի առնվում, որ, այնուամենայնիվ, ԼՂ հարցը միջազգային հարց է, և միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։
Վարչապետը նշեց, որ խնդիրը պետք է հաղորդակցության մեջ լինի` միջազգային նորմերի և դիրքորոշումների հետ` հակառակ դեպքում ՀՀ–ն վաղուց լուծել էր այդ հարցը։ Հենց սա էլ, ըստ Փաշինյանի, մեր մեծագույն խնդիրն է։
Իսկ հարցին, թե դիտարկո՞ւմ է Արցախը որևէ կարգավիճակում Ադրբեջանի մաս ճանաչելը` Փաշինյանը պատասխանեց, որ եթե Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող լիներ, պատերազմ չէր սկսվի։ Նրա խոսքով` մտադրվել էր նոյեմբերի 9-ին ուղերձով հանդես գալ և բացել բանակցային գործընթացի և պատերազմի մասին մի շարք մանրամասներ. ուղերձի կեսն արդեն 80 էջ էր ստացվել։ Սակայն, ի վերջո, որոշվել է, որ այն հրապարակելը Հայաստանի և Արցախի շահերից չի բխի։
Նշենք, որ 44–օրյա պատերազմի օրերին ՀՀ ԱԺ–ում քննարկում ծավալվեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ, բայց ինչպես նախորդող 29 տարիներին, այդպես էլ այս անգամ այն քննարկման չդրվեց։