ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հաջորդ տարի կմեկնարկի Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքներին նվիրված ծրագիր, որի համար 113 մլն դրամ կհատկացվի։ Տեղեկությունը հրապարակել է շրջակա միջավայրի նախարարությունը` անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներին և ահազանգերին։
Նշենք, որ համացանցում բնապահպանները և քաղաքացիները հրապարակել էին լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է աղբի մեջ կորել Երևանյան լիճը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։ Իսկ ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։
«Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ծրագրի իրականացման նպատակներից են` նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ, նվազեցնել աղտոտվածության մակարդակը, կանխարգելել աղտոտվածության տարածումը։
Նախարարությունը հայտնում է նաև, որ, այս ամենին զուգահեռ, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։