ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ։ Տեղեկությունը հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Մրցույթի նպատակն է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը, տոմսային հասույթի վերահսկելիությունը, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք։ Մրցութային փաթեթներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 26–ի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է, որ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։