ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև վեճ սկսվեց, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին սենյակը։
Նշենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 13–րդ անգամ առաջադրվել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանության թևը արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկություններ է տարածում ընդդիմության թեկնածուի հասցեին, որին Քոչարյանը արձագանքեց, թե սուտ է ասում, այնուհետև իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ Մինասյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյան պետք է դատարանի առաջ կանգնեն։
«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,-ասաց Մինասյանը։
Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը հեռացան նիստերի սենյակից։
Ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ քվեարկության դրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, և 6 դեմ, 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։