ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Չճշտված տվյալների համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 16-ին ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, քան մինչ այս հայտնել են։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն։ Մի մասը, որ մենք մտածում ենք` զոհվել են, իրականում գերեվարված են` չճշտված տեղեկությունների համաձայն»,– նշեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` կան նաև տվյալներ, որ գերիների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել, ըստ էության գերեվարվել է մի իրավիճակում, երբ չէր կարող դիմադրել։
«Բոլորի վերադարձի ուղղությամբ մենք շատ ինտենսիվ աշխատում ենք»,– շեշտեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։