ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Այսօր, վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհետ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԱԾ–ն միջոցներ է ձեռնարկում արցախցուն վերադարձնելու ուղղությամբ
Դեպքի մասին անմիջապես հայտնել են ռուս խաղաղապահներին։ Նրանք պարզել ու հավաստիացել են, որ արցախցին անվտանգության մեջ է: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։