ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կկազմակերպի։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀ–ն հանդիպման համար օգտագործում բրյուսելյան հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից։
«Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտնել եմ, որ ՀՀ–ն պատրաստ է բարձր և բարձրագույն հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Արտաքին գործերի նախարարներն այդ ֆորմատում հանդիպումներ ունեցել են, և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նման հանդիպում կազմակերպի։ Մեր պատրաստակամությունն արտահայտել ենք արդեն»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, քանի որ ԵՄ նախագահ Շառլ Միշելն ամռանը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում էր նման գաղափար առաջ քաշել։ Փաշինյանը նշեց, որ ինքն այդ գաղափարը չի մերժել` ասելով, որ երբ դեկտեմբերը կմոտենա, ավելի կկոնկրետացնեն, և դրանից հետո Միշելը կապ է հաստատել Ադրբեջանի ղեկավարի և իր հետ, հաստատել են հանդիպման առաջարկը։
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի իրադրությունները կարգավորվեն և խուսափենք ճգնաժամերից։
Հիշեցնենք` որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Այսօր հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։