ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի` Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն տարածքային նկրտումների ցուցաբերումը, վարձկանների ներգրավումը պատերազմում պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա։
Այս մասին այսօր ընթացող օնլայն ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի պահվածքն ավելի լայնորեն պետք է դառնա քննարկման առարկա և ոչ միայն եռակողմ ֆորմատում, ՀԱՊԿ–ում, ՄԱԿ–ում, ՄԻԵԴ–ում։ Առաջիկայում պատրաստվում եմ նաև մասնակցել Ժողովրդավարության գագաթնաժողովին, որտեղ բարձրացնելու եմ Ադրբեջանի գործողությունների մասին։ Այն ինչ անում է այդ երկիրը` հարձակում է նրա և նրան քաջալերող երկրների կողմից Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության ու ժողովրդավարության վրա»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործելակերպը ՀՀ դիվանագիտական ու արտաքին քաղաքականության քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի։
Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ–ի նկատմամբ։ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը համբերատար կերպով փորձում է ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի։
«Ի վերջո, կարծում եմ, որ միջազգային հանրության անդամը այնուամենայնիվ պետք է որոշակի չափեր ունենա։ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։ Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում արևելյան Զանգեզուր, ովքեր են այդ տերմինները հորինում և ինչ է նշանակում միջանցքային տրամաբանություն։ Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ որևէ կերպ հայկական կողմը չի հրաժարվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից ու նկատեց, որ գուցե Հայաստանն է ավելի շահագրգիռ կողմ, որպեսզի տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների թեման օրակարգից հանելու համար։