ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն առաջարկել են Ֆրանսիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ-ն:
Պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ աջակցում է Հայաստանին և պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմում հազարավոր երիտասարդների արյան համար:
«Նման գործողություններով Ֆրանսիան արգելակում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հանելու համար... Հայերին համակրող այդ երկրի հանդեպ վերաբերմունքը երբեք չի փոխվի։ Ադրբեջանը պետք է վերանայի Ֆրանսիայի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում», - հայտարարել է Հասանգուլիևը։
Ֆրանսիայի դեմ է հանդես եկել նաև Հիքմեթ Բաբաօղլուն։ Նրա խոսքով` Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ոչ ադեկվատ քայլերը տարակուսանք են առաջացնում, Ֆրանսիան խանգարում է համագործակցությանը, որը տարածաշրջանում զարգանալու է նոր իրողություններում։
Պատգամավոր Թուրալ Գյանջալիևն էլ ասել է, որ Ֆրանսիան պետք է շատ ուշադիր լինի Հարավային Կովկասի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականության հարցում։ Նրա կարծիքով` հակառակ դեպքում այդ երկրի հեղինակությունն ավելի կնվազի։
Հիշեցնենք` Մինսկի խմբի մեջ են մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ ՄԽ համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։