«1991-ին պետություններն իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են». Փաշինյան

Դիրքեր. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով Գորիս–Կապան ճանապարհի` ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքը ՀՀ տարածքում չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 1991-ին, երբ անկախացել են պետությունները, փոխադարձաբար իրար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հանրայնացվում սահմանազատման մասին փաստաթուղթը։
Բացի այդ, Փաշինյանից հետաքրքրվել էին` արդյոք սահմանազատման առաջարկվող փաստաթղթով չի նշանակում Արցախից հրաժարում, և կարո՞ղ է նա երաշխավորել, որ գործընթացի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից օկուպացված 41 քկմ–ն կվերականգնվի։
«1991-ին, երբ անկախացել են մեր պետությունները, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այն ժամանակ նշանակե՞լ է, որ ՀՀ–ն Արցախից հրաժարվում է»,–ասաց նա։
Ադրբեջանը ուզում է որոշել` ինչպես մտնի, ինչպես դուրս գա, չի լինելու այդպիսի բան. Փաշինյան
Իսկ ինչ վերաբերվում է սահմանազատմանը, ապա այն, ըստ վարչապետի, գործընթաց է, որտեղ ՀՀ–ն պետք է իր իրավունքները և շահերը, տարածքային ամբողջականությունը պաշտպանի` սա աներկբա է։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ ասելով պետք է հասկանանք կոնկրետ տարածք միլիմետրի ճշգրտությամբ` սա է մեր ինքնիշխանությունը պահպանելու անկյունաքարային ամենակարևոր երաշխիքը. մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք կոնկրետ այդ տարածքում։

Նրա խոսքով` շատ է քննարկվում, որ Գորիս–Կապան ճանապարհի մի հատված ինչ–որ քարտեզով ՀՀ տարածքում է, սակայն որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով այդ տարածքը Հայաստանի տարածքում չէ։
«Սա ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն է, այլ սրանով հաստատում ենք, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Մեզ համար պարզ է` որտեղ է ՀՀ սահմանը և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ պարզ չի ՀՀ տարածքը, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,–ասաց նա։
Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։
Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է քննարկի միջազգային հանրությունը. Փաշինյան
Գորիս—Կապան ճանապարհին նրանք արդեն մաքսակետեր են տեղադրել։ Թեև երկրների միջև 44–օրյա պատերազմից հետո դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, բայց ՀՀ իշխանությունը պնդում է, որ այդ հատվածը ադրբեջանական է։