ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կապանի օդանավակայանը շահագործելու հարցը Կապանի ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական փուչիկ և օդ խոստումներից էր։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթերի մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին։ Սակայն օրեր անց պարզ դարձավ, որ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։
«Կապանի օդանավակայանի հարցը բարձրացնելով` ուզում էին թոզ փչել ժողովրդի աչքերին։ Օդանավակայանի աշխատանքի առումով որևէ մեկը չի կարող որևէ անվտանգության երաշխիք տալ։ Սա իշխանության ոճի մեջ էր` սուտ և պոպուլիզմ. ասացին` բացում ենք, սակայն հերթական անգամ թարս ապտակ կերան Կապանի ընտրություններում»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի զինուժը նստած է օդանավակայանից 100-150 մետր հեռավորության վրա։ Հակոբյանը նշեց` անհնար է, որ այնտեղից թռիչքներ իրականացվեն, ժողովրդի լեզվով ասած` «ո՞վ կմտներ դրա տակ»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին անցկացված ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը։
Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։