Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու նոր որոշումն իրականում նպատակ ունի ոչ թե ամրապնդելու, այլ հակառակը` խարխլելու Հայաստան-սփյուռք կապը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
«Հանձնակատարները, որոնք նշանակվելու են վարչապետի որոշմամբ, իրականում սեպ կխրեն Հայաստանի և սփյուռքի միջև։ Հավանաբար Զարեհ Սինանյանը չի կարողացել հավուր պատշաճի իրականացնել Հայաստան-սփյուռք կապերը խարխլելու իրենց հույսերը, հիմա բերում են ավելի ռադիկալ ուժեր, որոնք դա կյանքի կկոչեն»,- ասաց նա։
Նախկին փոխնախարարի խոսքով` սփյուռքում առանձին հանձնակատարներ ունենալու նախաձեռնությունը վերցված է դեռևս տարիներ առաջ սփյուռքի նախարարության փորձից։ Այն ժամանակ, սակայն, իրավիճակը միանգամայն այլ էր. աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մեր հայրենակիցները հասարակական հիմունքներով ակտիվ ներգրավված էին սփյուռքի հետ կապի ամրապնդման գործում, որոշ հարցերում հանդես էին գալիս կարևորագույն առաջարկներով, երբեմն նույնիսկ կոշտ քննադատությամբ, իսկ այն ժամանակ ընդդիմության, այսօր արդեն իշխանության ներկայացուցիչները սփյուռքի մեր հայրենակիցներին անվանում էին փողի աղբյուր, որոնց իբր թալանում էին այն ժամանակվա իշխանությունները։
«Նրանք կազմակերպում էին սփյուռքի ներկայությունը Հայաստանում` համոզված լինելով, որ ամեն կերպ պետք է իրենց հայրենիքն ուժեղացնել, որովհետև սփյուռքահայերից ավելի լավ ոչ ոք չէր գիտակցում, թե ինչ է նշանակում ունենալ թուրքի և ադրբեջանցու նման թշնամի»,- նշեց Սրապիոնյանը։
Նշենք, որ ԱԺ վերջին նստաշրջանում «Հանրային ծառայության մասին» օրենքում իրականացված փոփոխության համաձայն` Հայաստանի սփյուռքի գործերով հանձնակատարն օտարերկրյա պետություններում կարող է ունենալ հասարակական հիմունքներով, խորհրդականի կարգավիճակով նշանակված հանձնակատարներ, որոնք զարգացնելու են Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Նրանք նշանակվելու են վարչապետի որոշմամբ, տվյալ երկրից և լինելու են անձինք, որոնց ճանաչում է տեղի համայնքը։ Փոփոխությամբ չի ամրագրվում, թե ովքեր կարող են նշանակվել այդ պաշտոններում։