ՊՇՌ թեստ հանձնելու 14-օրյա պարտադիր պահանջը կրճատելով` ՀՀ առողջապահության նախարարությունը միանգամից երկու նպատակ է հետապնդում. նախ խթանում է պատվաստման գործընթացը, մյուս կողմից այդկերպ վեր են հանվում թաքնված անախտանիշ վարակի աղբյուրները։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսկերպ մեկնաբանեց ՊՇՌ թեստ հանձնելու ժամկետի կրճատումը։
«Գործ ունենք փափուկ ուժի կիրառման հետ, որը անում են ամբողջ աշխարհում։ Մեզ մոտ ուղղակի սկզբում դրվեց 14 օր, հիմա դառնում է 7, երկրներ կան, որտեղ 3 օրը մեկ է անցկացվում թեստավորումը։ Սա երկկողմանի դրական ազդեցություն ունի, ինչի արդյունքը մենք արդեն իսկ հոկտեմբերից տեսանք` ունենալով բավականին պատվաստումային ակտիվություն»,- ասաց նա։
Համաճարակաբանն ասում է` ինքն անձամբ կողմ է առողջապահական գերատեսչության այսպես ասած` փափուկ ուժի կիրառմանը, ավելին` եթե այս միջոցառումներն իրականացվեին, ասենք, մայիսին` միգուցե հնարավոր լիներ կանխել վարակի բռնկման չորրորդ ալիքը։
«Նոր պահանջն ավելի կնվազեցնի չպաստվաստվածների թիվը։ Բավականին քիչ քանակությամբ մարդիկ են մնացել, որոնք արդեն երրորդ, չորրորդ անգամ են գնում թեստավորման»,- նշեց Տեր-Ստեփանյանը։
Նրա խոսքով` պատվաստվածների շրջանում քիչ ընդգրկվածություն ունեն հատկապես 60+ տարիքային խմբի անձինք, ինչը բավականին մտահոգիչ է։ Սա այն սոցիալական խումբն է, որը աշխատանք չունի, և որոնց վրա այդ սահմանափակումները չեն տարածվում։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին:
Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էին։