Հայաստանին չես զարմացնի ծանր ժամանակներով, մարդիկ ուժ են գտնում և հաղթահարում դժբախտությունը։ Կամ չեն գտնում։ Օրինակ` գլխարկների վրա գրված` դուխը բարձր պահելու կոչերն իրենց չարդարացրին։ Մինչդեռ դիմադրողականության բարձրացմանը օգնում է ոչ միայն գենետիկան, այլև անսպասելին։
90-ականների սկզբին, երբ Երևանում ցուրտ էր, մութ էր ու սով, երկիրն էլ ղեկավարում էր առաջին նախագահը, ժողովուրդը վաճառքի հանեց այն ամենը, ինչ կարող էր գոնե փոքր–ինչ գումար արժենալ, իսկ որոշ դեպքերում նաև այն, ինչը նույնիսկ գին չուներ։ Օրինակ` գրքերը։
...Մի օր երիտասարդը, հայտնվելով օգտագործված ապրանքների շուկայում, ձեռքը վերցրեց ապրանքային տեսքը կորցրած ֆոլիանտը, թերթեց, հետաքրքրվեց, հարցրեց գինն ու, չնչին գումար վճարելով, գիրքը տուն տարավ։ Այնուհետև երկրորդը, հետո` երրորդը, որից հետո դարձավ շուկայի մշտական հաճախորդը։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել. ի տարբերություն այսօրվա` այն թվերին ավելի հաճախ էին գրքերը հանում վաճառքի, ինչը նշանակում է, որ մարդկանց տներում շատ գիրք կար։
Եվս մեկ դիտարկում` կահույք վաճառող խանութներում այսօր գրադարակներ չեք տեսնի. պահանջարկ չկա։ Եվրոպական ինտերիերի, Boffi–ի խոհանոցների, սկանդինավյան զուգարանակոնքերի պահանջարկը մեծ է, իսկ այ գրապահարանների պահանջարկը` զրոյական։
Վերադառնանք Երևանում վաճառվող գրքերի շուկային։ Այն նույն երիտասարդը շուտով հայկական գրքերի տասնյակ հին տպագրություններ հավաքեց։ Ստեղծված գրադարանը, իհարկե, չէր կարող հին ձեռագրերի պահոցի հետ համեմատվել, բայց Մատենադարանի հետ որոշակի ընդհանրություն, այնուամենայնիվ, կար։
Բանն այն է, որ ձեռք բերված հատորների ուսումնասիրությունը գնալով կորցնում էր հետաքրքրությունն ու ճանաչողական իմաստ ստանում, ինչն այնուհետև վերաճում էր գիտահետազոտական փուլի։ Իսկ դա, համաձայնեք, արդեն ոչ թե որևէ սիրած բան հավաքել էր, այլ լրիվ ուրիշ բան։
Հենց այստեղ պետք է ավելի մանրամասն խոսել երիտասարդի (որն այսօր այդքան էլ երիտասարդ չէ) մասին։ Միաժամանակ նշեմ, որ այդ գործում նա միակը չէր, այլ երեքից մեկը։
Եվ այսպես` Գևորգ Ներսեսյան, Երևանի պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ, որն այն ժամանակ աշխատում էր էներգետիկայի նախարարությունում։ Ինչպես տեսնում եք, հումանիտար գիտությունների հետ ոչ մի ընդհանուր բան։
Յուրի Մինասյան, կրթությունը` տեխնիկական, խորհրդային անցյալում էներգետիկայի փոխնախարար, ինչից հետևում է, որ նույնպես գրականագետ չէ։
Հասմիկ Տիգրանյան։ Այս դեպքում բոլորովին այլ է` ոչ միայն գրականագիտական գիտության պրոֆեսիոնալ, այլև բանասիրական գիտությունների թեկնածուի դիպլոմով առաջատար մասնագետ։
- 1512-1800 թվականներին, – պատմում է նա, – հայերեն գրքեր հրատարակվեցին աշխարհի 28 քաղաքներում, իսկ հետագա 50 տարիների ընթացքում այդ թիվը հասավ 35-ի: Տպագրական արվեստի տեսանկյունից առավել հետաքրքրական շրջանը առաջին երեք հարյուր տարիներն են, երբ տպագրվեցին ավելի քան 1106 անուն հայերեն գրքեր։ Այդ շրջանում հայ տպագրիչները ձգտում էին իրենց հրատարակած գրքերը նմանեցնել ձեռագիր մատյաններին, քանի որ տպագիր գիրքը նոր երևույթ էր և պետք է ընկալելի լիներ մարդկանց կողմից:
– Մեր ծրագրի նպատակն էր, – շարունակում է Գևորգը, – հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ ստեղծել հայկական գրատպության մեջ զարդարվեստի կատալոգ, թողարկել «Զարդավոր դեկոր հայկական հնատիպ գրքերում»–ի մի քանի պատկերազարդ հրատարակություն (ինչն էլ արվեց)։
Բայց սա գործի մի կողմն է։ Մյուսն այն է, որ երկու տղամարդ և մեկ կին, երկու տեխնիկական կրթություն ունեցող և մեկ բանասեր, երևանցիների երկու սերունդ այն տարիներին, երբ մտածում էին ոչ թե գրքի մասին, այլ ֆիզիկական գոյության, իրենց նվիրեցին միևնույն գործին` աշխարհին ներկայացնել «Զարդավոր դեկոր հայկական հնատիպ գրքերում»–ը։ Եվ դա, պատկերացրեք, օգնեց դիմանալ, հաղթահարել և ի վերջո հաղթել։
Զրուցակիցներս բացատրում են` հավաքածուի հին հայկական գրքերը ոգին ամրապնդելու և ուժ հաղորդելու մագնիսական ունակությամբ են օժտված։
– Ուզո՞ւմ եք համոզվել, – հարցնում են նրանք։
– Ուզում եմ, –պատասխանում եմ ես։
– Վերցրեք այսպես կոչված գիշերային ընթերցանության համար նախատեսված գրքերից մեկը, հետո, օրինակ, «Գրիգոր Նարեկացու կյանքը» և զգացեք տարբերությունը։
Վերցնում եմ, համեմատում, համաձայնում։ Առաջին դեպքում մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ ադիբուդիի էր նման, մյուսի դեպքում` հպում իմաստությանը, զգացում, կարծես մեջդ անհասկանալի ձևով արթնանում է հավատը սեփական ուժերի և բանականություն ուժի նկատմամբ։