Բրյուսելում դժվար թե դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրվի։ Կարող է լինել կողմերի ընդհանուր հայտարարություն, որ իրենք կողմ են բանակացությունների միջոցով հարցեր լուծելուն, թեև պարզ է, որ էական խնդիրների, կոմունիկացիաների ապաշրջափակման, ճանապարհների կարգավիճակի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը Բրյուսելում քիչ հավանական է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Քանի որ Մինսկի խումբը թեև ոչ ֆորմալ` շարունակում է աշխատել, հետևաբար, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան, այսպես թե այնպես, տարածաշրջանում են։ Չեմ կարծում, որ Բրյուսելում նախանշված հանդիպումը նշանակում է նոր հարթակի ձևավորում, այսինքն` համանախագահների եռակողմ ֆորմատին զուգահեռ` չի ստեղծվի մեկ այլ ձևաչափ։ Սա ավելի շուտ մեկանգամյա քայլ է։ Փաշինյանն ու Ալիևն այսպես թե այնպես մեկնելու էին Բրյուսել` Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու համար»,– ասաց քաղաքագետը։
Պողոսյանի փոխանցմամբ` ընդունված պրակտիկա է, որ տարաձայնություններ ունեցող երկրների ղեկավարներիի պարագայում, եթե նրանք մասնակցում են նույն միջոցառմանը, փորձում են նրանց միջև հանդիպում կազմակերպել։
Ըստ նրա` դրանով, սակայն, փորձ չի արվում Եվրոմիությանն ընդգրկել արցախյան բանակցություններում առանձին ուղղությամբ և ստեղծել բանակցային երրորդ հարթակ։
Քաղաքագետի պնդմամբ` եթե մեզ համար ամենազգայուն հարցերում ՌԴ առաջարկներն ընդունելի են և պատրաստ ենք առաջ գնալ, ապա տեղին չէ խոսել, որ ՀՀ իշխանությունը փորձում է ավելի ձեռնտու փաստաթղթեր ունենալ` գործընթացում ներգրավելով Եվրամիությանը։
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջարկներից ավելի լավ առաջարկներ ստանալու հեռանկարին, ապա քաղաքագետն ընդգծեց, որ այդ մասին հնարավոր կլիներ խոսել, եթե Հայաստանը պաշտոնապես չհայտարարեր, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ առաջարկներն իր համար ընդունելի են և այդ մասին ռուսական կողմին գրավոր չծանուցեր։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։
Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։