ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինվորների իրավունքների ապահովման պահանջով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
«Եվրոպական դատարան է ներկայացվել դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։ Սրա նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
39-րդ կանոնը սահմանում է միջանկյալ միջոցներ կիրառելու հարցը։ Ըստ այդմ` դատարանը կարող է կողմերին միջանկյալ միջոցներ առաջարկել, որոնք պետք է ընդունվեն կողմերի կամ վարույթի պատշաճ իրականացման շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։